Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից ինտրիգային հայտարարություն արեց: «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում է գործադրվում՝ նպատակ ունենալով պարտադրել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ընդունել: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, որովհետև դիվանագիտությունը կանոններ ունի: Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի»՝ հայտարարել է Իլհամ Ալիևը: Ընդունենք իբրև առաջին թեզիս: Հիմա երկրորդը՝ «Արևմտյան մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների մեր դեմ ուղղված սևացման, զրպարտության և վիրավորանքների, նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան», հիմնական նպատակն է մեզ պարտադրել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա երբեք չի լինելու: Քանի դեռ մենք իիշխանություն ենք, իսկ հանրաքվեն ցույց տվեց, որ մենք երկար ենք իշխանություն լինելու, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան: Լեռնային Ղարաբաղը մեր անբաժանելի պատմական հողն է, և մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»:
Երկար տարիներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցությունները անցնում էին փակ դռների հետևում: Երբ քննարկումների որոշ մանրամասներ են ի հայտ գալիս, կամ բանակցային գործընթացի կողմերից մեկի գիտակցաբար արված տեղեկատվական «արտահոսք» է, կամ միակողմանի մեկնաբանություն, որ հարուցում է տեղեկատվական պատերազմի բռնկումներ: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահները շարունակում են պահպանել ինչ-որ ժամանակ առաջարկված խաղի կանոնները: Ո՞Ւմ է դա ձեռնտու և ո՞ւմ է պետք: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան կարգավորման թեման ունի քննարկումների իր ձևաչափը: Նաև հասկանում ենք, որ այդ թեման հետաքրքրություն է հարուցում և մեկնաբանություններ է պահանջում: Բայց կա տարբերություն տեղեկացման և հասարակական տարածքն օգտագործելու միջև՝ պարանը քեզ ձգելու համար: Հիմա կարևոր է չփոշիացնել ձեռքբերված դրականը հրապարակային հռետորաբանության մեջ, դա պետք է պահպանել՝ կոնկրետ քայլերով իրականացնելու համար: Բայց կան թեմաներ, որ լռություն են պահանջում, որովհետև պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»:
Եթե գնահատենք հակամարտող կողմերի հրապարակային դիրքորոշումները կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների առումով, փաստորեն «լռությունը երկարեց»: Կարելի է ենթադրել, որ բանակցությունների ընթացքում հակամարտող կողմերը սեղան են նետում այնպիսի «խաղաքարտեր», որ կարող են պայթեցնել հասարակությունը երկու երկրներում: Այդ դեպքում բանակցությունները պարուրող պաշտոնական տեղեկատվական լրաշարը կարելի է համարել ընդամենը բանակցությունները թաքցնելու տարբերակներից մեկը: Այդ առումով՝ նախագահ Ալիևի արտահայտությունը, թե «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում է գործադրվում՝ նպատակ ունենալով պարտադրել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ընդունել», հնչում է բազմանշանակ ու խորհրդավոր: Առաջին՝ որովհետև Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն նախապատրաստել հասարակական կարծիքը, որպեսզի այդ հիմքի վրա կառուցեն իրենց դիվանագիտությունն ու գործողությունները: Երկրորդ՝ ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցողների շրջանակը լավ հայտնի է, հայտնի չէ միայն, թե ով է Բաքվի վրա ճնշում գործադրում: Վերջապես՝ երրորդ, փաստը, որ նախագահ Ալիևը խոսում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին, անկախ այդ թեմային իր վերաբերմունքից, կարելի է օբյեկտիվորեն համարել խնդրի լեգիտիմացման միջոց: Բայց դա միայն Բաքվում խաղարկվող ինտրիգի մասն է:
Ալիևը մի շղթայի մեջ է հանգուցում արևմտյան մամուլի և ոչկառավարական կազմակերպությունների «սևացման, զրպարտության և վիրավորանքների արշավը» և Ադրբեջանում գործող «հինգերորդ շարասյունը», որը ցանկանում է «ստիպել մեզ ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Մինչև վերջերս բաքվեցի շատ քաղաքագետներ մրցում էին իրար հետ այսպես կոչված «հինգերորդ շարասյունը» ներկայացնելու մեջ մեկ իբրև Ռուսաստանում ապրող էթնիկ ադրբեջանցիների ալյանս, որ դարձել են ձախ կուսակցությունների անդամ և կապեր են որոնում ադրբեջանցի ընդդիմադիր ուժերի հետ, մեկ բացահայտ կասկածներ են հայտնում Ռուսաստանի հատուկ ծառայությունների վերաբերյալ, որ իբր «Ղրիմից հետո ակտիվացրել են տեղեկատվական պատերազմն Ադրբեջանի դեմ և սկսել են հանրապետությունում ստեղծել Մոսկվայից կառավարվող ուժեղ «հինգերորդ շարասյուն»: Բայց կապել, նույնիսկ տեսականորեն, այդպիսի «հինգերորդ շարասյունը» Արևմուտքի հակաադրբեջանական արշավի հետ հիմարություն է: Բացի այդ՝ բաքվեցի փորձագետների գնահատականով «ռուսամետ ուժերը բավականաչափ թույլ են ներկայացված Ադրբեջանի քաղաքական ասպարեզում»: Եթե հակաադրբեջանական արշավի ակտիվացման պատճառը դիտարկենք գլոբալ հայկական ցանցի հնարավորությունների մեջ, որ հաճախ են մատնանշում ադրբեջանցի քաղաքագետներից շատերը, ամեն ինչ միանշանակ չէ: Նախ և առաջ այն պատճառով, որ հայկական ցանցերը կարող են Արևմուտքում որոշակի տեղեկատվական արշավ վարել, բայց ոչ այդքան գլոբալ, առավել ևս որ նրանք հնարավորություն չունեն Ադրբեջանում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու: ՈՒրեմն՝ ի՞նչ:
Փաստ է, որ Արևմուտքն ակտիվ աջակցում է Ադրբեջանում իրավապաշտպան շարժմանը, դատապարտում է բռնությունների քաղաքականությունը անկախ մտածող հասարակական ու քաղաքական գործիչների նկատմամբ, որ պնդում են Բաքվի նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառումը ԵՄ-ի, ԵԽ-ի և ԱՄՆ-ի կողմից: Նրանցից ոմանք իրոք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հնարավորությունները տեսնում են նախ և առաջ ադրբեջանական վարչակարգի ժողովրդավարացման մեջ: Այստեղից էլ Ալիևի՝ իրավապաշտպաններին մեղադրելու հնարքը, որ իբր «հանձնում են Ղարաբաղը»: Վերջերս այդպես էր և Հայաստանում, ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը «Ղարաբաղը հանձնելու մեջ»: Ադրբեջանում դժգոհություն կա սոցիալական իրավիճակից, քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, քաղաքական համակարգից ու տնտեսական իրավիճակից: Դեռ 2014-ի գարնանը Ադրբեջանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ասում էր, որ «Ադրբեջանը ապահովագրված չէ սեփական «մայդանից», և «ոչ ուշ, քան 5−10 տարի հետո հանրապետությունում աշխատելու է ուկրաինական սցենարը»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում սուր արձագանքեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի կարգավորման պայմաններ դեռ չեն ձևավորվել», և՝ «կոնֆլիկտի կարգավորման անհնարության պատճառները այսօր լարվածությունն ու անպատրաստությունն է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների»:
«Մենք չենք ընդունում նման հայտարարություններ,-ասաց Իլհամ Ալիևը:-Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունը պետք է սրբագրվի բարձր մակարդակում: Հակառակ պարագայում համանախագահի առաքելությունը կասկածի տակ է հայտնվում»:
Քերին նույն քաղաքական հարթության մեջ էր դնում Լեռնային Ղարաբաղի կարգավորումն ու իսրայելապաղեստինյան երկարամյա կոնֆլիկտը, որտեղ իր խոսքով՝ «կոնֆլիկտը այն կատեգորիայի է», երբ «մարդիկ ընդունել են որոշումների որոշակի համալիրներ»: ԱՄՆ-ի տեսակետը պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտի կարգավորմանը, եթե իբրև մոդել դիտարկենք, կառուցվում են այսպես՝ երկու պետությունների գոյություն՝ Իսրայելի իբրև հրեական պետության և Պաղեստինի իբրև պաղեստինյան ժողովրդի պետության: Եթե մոդելը պրոյեկտենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վրա, Ադրբեջանին կարող է առաջարկվել (նախագահ Ալիևի խոսքով՝ արդեն ճնշում է գործադրվում) ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանը ճիշտ է հասկացել ԱՄՆ-ի ակնարկը և սկսել է գործել, հասկանալով, որ Արևմուտքն ունի Ադրբեջանից տարբեր հայացք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի էության և կարգավորման հնարավորությունների վերաբերյալ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Իլհամ Ալիևը վերջերս միալար բողոքում է բոլորից, բայց և հայտարարում, որ հավերժ է իշխելու: ՈՒ ինչին է պետք ցմահ իշխանությունը, եթե ամեն ինչ այդքան վատ է՝ հինգերորդ շարասյունը գործում է իր դեմ իր երկրում, Արևմուտքը պատժամիջոցներ է ուզում սահմանել, Թուրքիան իր գործերով է խառը, նավթի գնանկումը պետական ռեզերվները սպառեց, տնտեսական անկում ու սոցիալական բողոք՝ նավթային դարաշրջանն ավարտվեց, իսկ Իլհամ Ալիևը ուզում է պահպանել հզոր պետության նախագահի իմիջը: Բայց դրանք իր խնդիրներն են: Եթե Արևմուտքը ճնշում է գործադրում ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար Ադրբեջանի վրա և Ալիևն էլ «հանձնվի», ճնշման հաջորդ չափաբաժնից պիտի բողոքի ՀՀ նախագահը կամ նա, ով այդ ժամանակ կլինի պետության առաջին դեմքը և բանակցողը ԼՂ հարցով: Իսկ նկատեցի՞ք, որ ոչ մի տեղ չկա, թե ինչ է ուզում Ռուսաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ